ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԼԱՏԵՐՆ ՈՒ ՊԼԱՏԻՆԻՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ «ՈՒՐԱՐԱՏՈՒ» ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

  • 2020-04-14 12:11:33

2007 թվականի հոկտեմբերին կարևոր իրադարձություն տեղի ունեցավ ոչ միայն հայկական այլև համաշխարհային ֆուտբոլի համար։ Պատմության ընթացքում գրանցվեց առաջին դեպքը, երբ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները միասին այցելեցին որևէ երկիր, և այդ պետությունը Հայաստանն էր։ Փորձել ենք վերհիշել այդ այցից ամենահետաքրքիրը․

ԱՅՑԻ ԽՐՈՆԻԿԱՆ

Հասկանալի է, որ նման իրադարձությունը պետական նշանակություն ունի։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին առաջին հերթին ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահն ու վարչապետը։ Տևական զրույցից հետո Բլատերն ու Պլատինին ուղևորվեցին Աճառյան փողոց, որտեղ մասնակցեցին ներկայիս ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությանը։

Զեպ Բլատերը, Միշել Պլատինին և Ռուբեն Հայրապետյանը հուշագիր ստորագրեցին, տեղադրեցին պարկուճի մեջ, դրեցին կառույցի հիմքում և առաջինը լցրին բետոնե շաղախը։ Բլատերի ու Պլատինիի հաջորդ կանգառը՝ «Ուրարտու» (նախկին «Բանանց») մարզահամալիրն էր։  Ֆուտբոլային կառույցների ղեկավարները սեփական աչքերով պետք է տեսնեին, թե ինչպես է վերակառուցվել «Բանանց» մարզադպրոցը։

ԳՈՒՑԵ ՉԴԱՌՆԱՔ ՊԼԱՏԻՆԻ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԱՌՆԱԼ ՊԼԱՏԻՆՅԱՆ

«Ուրարտուում» տոնական մթնոլորտ էր։ Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները սեփական աչքերով տեսան, թե ինչ հրաշալի ֆուտբոլային դպրոց է վերակառուցվել։ Բլատերն ու Պլատինին ողջունեցին ակումբում մարզվող մեծ թվով երեխաներին, հետո հուշադրոշ հանձնեցին ակումբի այդ ժամանկվա նախագահ Սարգիս Իսրայելյանին։

Պատվարժան հյուրերը հանդես եկան նաև ելույթով։ Եվրոպայի 1984 թվականի չեմպիոն, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Միշել Պլատինին ասաց հետևյալը․ «Ես ձեզ մեկ խորհուրդ կտամ, պետք է առաջ նայել ու մտածել ապագայի մասին։ Երբ կանխատեսում ես ապագան, ապա կարող ես լավ ֆուտբոլ խաղալ»։ ՖԻՖԱ-ի նախագահն էլ ասաց հետևյալը․ «Երբ այս հրաշալի ֆուտբոլի դպրոցում անցկացնեք 6-ից 10-ը տարի գուցեև բոլորդ չկարողանաք դառնալ նոր Միշել Պլատինի, բայց կարող եք դառնալ Միշել Պլատինյան։ Ֆուտբոլի շնորհիվ դուք կարող եք հրաշալի մարդ դառնալ»: Ելույթից հետո ՖԻՖԱ-ի նախագահի տրամադրությունը շատ բարձր էր, և երբ երաժշտություն հնչեց, Բլատերը սկսեց պարել։

ՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ, ՓՈԽԱՐԵՆՆ ՈՒՆԵՄ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐԸ

Հայաստանում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների վերջին կանգառը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցն էր, որտեղ նրանց սպասում էին մեծ թվով մարզական լրագրողներ։ Կազմակերպված ասուլիսի ընթացքում առաջինը խոսեց Զեպ Բլատերը․ «Տիկնայք և պարոնայք, սա մի առիթ էր ևս մեկ անգամ այցելելու Հայաստան։ Որպես ՖԻՖԱ-ի նախագահ ձեր երկրում եղել եմ 2003 թվականի մայիսին։ Այսօր մենք այցելեցինք «Գոլ» ծրագրով վերակառուցված «Բանանց» մարզադպրոց, որն իսկապես շատ է կերպարանափոխվել հայերի կատարած ներդրումների շնորհիվ։ Այնտեղ այսօր մարզվում են 750 սաներ։ Դրանից առաջ մենք մասնակցեցինք Ավանի ֆուտբոլի ակադեմիայի հիմնաքարի տեղադրմանը։ Այն հիանալի կառույց կդառնա ապագա ֆուտբոլիստներ դաստիարակելու համար։ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և Ձեր ֆեդերացիան այստեղ են, որպեսզի զարգացնեն Ձեր երեխաների ֆուտբոլը։ Մենք ուզում ենք, որ պատանի հայերը կարողանան ֆուտբոլ խաղալ, այդ պատճառով էլ զարգացնում ենք ենթակառուցվածքները»։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին հարց ուղղվեց, թե արդյոք հետևում է Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին։ Պլատինին պատասխանեց․ «Ոչ, քանի որ տանը հայկական հեռուստաալիքներ չունեմ, բայց ունեմ Շառլ Ազնավուրի տեսաերիզները»։

Այցի վերջում Բլատերն ու Պլատինին հուշադրոշ ու հուշամեդալ հանձնեցին ՀՖՖ նախագահին։

- Քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներն այցելում են միևնույն երկիր, ապա այս նվերը հենց Հայաստանի համար է,- ավելացրեց Զեպ Բլատերը։